Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստում կքննարկվի Հայաստանի Եվրոպական միությանը (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության հետ կապված բոլոր հարցերը։ Այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուս դիվանագետը նշել է, որ ռուսական կողմը համարում է անընդունելի Հայաստանի ղեկավարության այն դիրքորոշումը, թե Երևանը կմնա ԵԱՏՄ-ի անդամ այնքան ժամանակ, մինչև ընթանում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
Զախարովան հիշեցրել է, որ վերջին տասնամյակում ԵԱՏՄ-ն Հայաստանին տվել է զգալի օգուտներ՝ բարձր աճի տեմպեր, ցածր գնաճ, կայուն ազգային արժույթ և իրացման մեծ շուկա։
«Հույս ունենք, որ Երևանը կընտրի պրագմատիզմի ճանապարհը, որը հիմնված է ոչ թե այլ երկրների հանդեպ սիրո վրա, այլ սեփական պետության շահերի պաշտպանության վրա։ Այնտեղ պրագմատիզմն ու իմաստությունը պետք է հաղթեն հույզերին և օտար շահերին, որոնք, կարծես, ղեկավարում են գործող իշխանություններին՝ դեպի անիմաստ և վտանգավոր վազք՝ եվրոպական երազանքի հետևից»,- ասել է նա՝ նշելով, որ այդ «երազանքի փոսում արդեն մեկից ավելի կմախք է թավալվում»։
Այս հայտարարությունը հնչել է Ղազախստանում մայիսի 28-ին և 29-ին նախատեսված ԵԱՏՄ գագաթնաժողովի նախօրեին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չի մասնակցելու գագաթնաժողովին՝ նախընտրական քարոզարշավի պատճառով։
Ավելի վաղ, մայիսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում առաջարկել էր Հայաստանին որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են «քաղաքակիրթ ամուսնալուծություն սկսել»։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքի նախագծին, որը հետագայում հաստատվել է խորհրդարանով և ստորագրվել նախագահի կողմից։ Մոսկվայում հայտարարել են, որ Ռուսաստանը Հայաստանին հասցրել է այն միտքը, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։